ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վիգեն Սարգսյան. Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին զարգացումներով

Վիգեն Սարգսյան. Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին զարգացումներով
09.05.2018 | 20:36

Այսօր Երևանում ասուլիս է տվել ՊՆ նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ամենատարբեր հարցերի: Բողոքի ցույցերին միացած պայմանագրային զինծառայողների մասին նա ասաց, որ միանշանակ անթույլատրելի է համազգեստով զինվորականների մասնակցությունը քաղաքական ակցիաների:

«Ապագա պաշտպանության նախարարին, անկախ նրանից՝ ով կլինի, իր սրտից կլինի այն, թե ինչ տեղի է ունեցել, հորդորում եմ և խորհուրդ եմ տալիս շատ կոշտ արձագանքել ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո»,-ասաց նա: Վիգեն Սարգսյանն ընդունել է զորամասի հրամանատարի հրաժարականի դիմումը, ուղարկել է կառավարություն, որտեղից էլ ուղարկվել է նախագահի հաստատմանը: ՀՀ նախագահը, ըստ Սահմանադրության, պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր: «Ցավով եմ դա արել, որովհետև այդ զորամասի հրամանատարն ինձ համար շատ հարգված, ընդունելի սպա և զինծառայող է, բայց հասկանում եմ իր զեկուցագրի իմաստը, կիսում եմ, ինքս կանեի առնվազն նույնը»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ողջ Զինված ուժերում այդ քայլն ընկալվել է խիստ, ծայրահեղ բացասական և սպայական անձնակազմի, հրամանատարության, և թոշակի անցած զինծառայողների կողմից. «Պարզ պատճառով, որովհետև բոլորը հասկանում են, որ նման ներգրավումը անմիջապես դուռ է բացում և լեգիտիմացնում է բանակի ներգրավումը, ինչն անթույլատրելի է, դա պետության համար կործանում է նշանակում»,-ասաց նա և նշեց, որ խոսքը վերաբերում է 209 զինծառայողի: Վիգեն Սարգսյանը նշեց, որ Զինված ուժերը կարող են ներգրավվել արտակարգ դրության պահպանման մեջ միայն այն դեպքում, երբ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ուժերը չեն բավարարում արտակարգ դրության ռեժիմի նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար: «Նույնիսկ այդ պարագայում Զինված ուժերը կարող են ներգրավվել միմիայն հույժ կարևոր օբյեկտների պահպանության գործընթացի մեջ, ոչ թե ցույց ցրելու: Զինված ուժերը չունեն գիտելիք, հմտություն և միջոցներ, որոնք անհրաժեշտ են մասսայական ակցիաներին որևէ ձևով միջամտելու, և անհնար է այդպիսի միջամտությունը ծառայության տեսակների տարբերության առումով»,-ասաց նա:


Անդրադառնալով «Ազգ-բանակ» ծրագրին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ դա մեր իրականության ուղղակի փաթեթավորումն է: «Ուզենք, թե չուզենք՝ ազգ-բանակ ենք, անկախ նրանից՝ քաղաքականությունն անվանվի այդպե՞ս, թե ոչ: Մեր հասարակության մեծ մասը յուրաքանչյուր օր ներգրավված է երկրի պաշտպանությունն իրականացնելու մեջ, որ բերում է սոցիալական, կազմակերպչական տարբեր հարցեր»,-ասաց նա և նշեց, որ իր առաջարկած ծրագրերից որևէ մեկն ինքնանպատակ չէ: Անդրադառնալով նրան, որ խորհրդանում ՀՀԿ պատգամավորները բարձրաձայնեցին սահմանում զորքերի տեղաշարժի, լարվածության մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարթակից հերքեց, և հարցին, թե ինչու՞ նախարարությունը հայտարարություն չի տարածել՝ դա ի վերջո սո՞ւտ էր, թե ոչ, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Ես կարծում եմ, որ շատ անպատասխանատու էր մեր հայտարարությանն արված արձագանքը հրապարակից, որովհետև Զինված ուժերը Հայաստանի ամենակայացած պետական կառույցն է, և ենթադրել, որ Զինված ուժերը կարող են, անտեսելով ներքին դինամիկան, անել հայտարարություն ներկուսակցական պրոցեսների վերաբերյալ՝ դա բացարձակապես անհարգանք է ոչ միայն պաշտպանության նախարարի, որը բնական է՝ կարող է լինել քաղաքական դաշտում, այլ առաջնագծում կանգնած զինվորի նկատմամբ։ Դա ի՞նչ է նշանակում, որ ես կարող եմ հայտարարություն անել, որը զինվորն իր աչքով տեսնում է, որ այդպե՞ս չէ»,-ասա նա։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, ես ինչպե՞ս պետք է նայեմ իմ սպայի, հրամանատարի աչքերին, եթե ինքը գիտի, որ ես սուտ եմ ասում, ես սուտ հայտարարություն եմ անում: Նման հայտարարությունն անպատասխանատու ձևով հերքելը շատ վտանգավոր է, քանի որ դա կարող է առհասարակ բանակի հայտարարությունների նկատմամբ անվստահություն առաջացնել հասարակությունում: Բացի այդ, ես այդպես էլ այդ օրերին չստացա զանգ ոչ Նիկոլ Փաշինյանից, ոչ Սասուն Միքայելյանից, ոչ որևէ մեկից, ով կհարցներ, թե այդ հայտարարությունն ինչ հիմքեր ունի: Ես դա նորմալ եմ ընդունում, բայց այդ ֆոնի վրա հակահայտարարություն հրապարակելը սխալ եմ համարում: Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին զարգացումներով, բայց վիճակը սահմանում այնպիսին էր, ինչպես ներկայացված էր մեր հայտարարություններում։ Զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը, և պահել հսկողության տակ և պատրաստ են ցանկացած գործողությունների դեպքում հակահարված հասցնել՝ ինչպես պահանջում է երկրի շահը»,-ասաց նա և նշեց, որ հիմա էլ կուտակումները շարունակում են մնալ:


Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին՝ նա ասաց, որ դիրքապահները սահմանային ռեժիմը խախտելու պահին կարողացել են վնասազերծել վեց հոգու, որոնք Բանգլադեշի քաղաքացիներ են և արդեն անվտանգության ծառայությունում են: Խոսելով պատասխանատվության մասին՝ նա ասաց, որ պատասխանատվությունը կրում է այն ուժը, որը որոշումներ է կայացնելու: «Մենք պահանջելու ենք եղած կուրսի պահպանում, հաշվետվողականություն»,-ասաց նա: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ սա այս պաշտոնին թեև վերջին ասուլիսն է, բայց ընդհանրապես վերջինը չէ:


Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ևս չէր տեսնում իր թիմում, ասաց, որ նման բան չի լսել: «Ես շատ հարգում եմ Նիկոլ Փաշինյանին, և եթե նա նման կարծիք ունենար, որ ես կարող եմ աշխատել իր թիմում, իմ կարծիքն իր մասին կփոխվեր»,-ասաց նա և բնական համարեց, որ չի ստացել առաջարկ: Չնայած դրան, մի քանի խողովակներով եղել են կարծիքներ, թե ինչ լավ կլիներ, որ նա շարունակեր իր պաշտոնում աշխատել: Խոսելով Նիկոլ Փաշինյանից իր տպավորությունների մասին՝ Վիգեն Սարգսյանը նշեց. «Նա ազնիվ մղումներով փորձելու է անել հնարավորը երկիրը դեպի բարեկեցություն տանելու համար։ Բազմաթիվ սպասումներ կան սոցիալական արդարության հատվածում, ես մաղթում եմ հաջողություններ և հաղթանակներ: Նա՝ որպես անհատ, ծանր բեռ է վերցրել իր վրա, բայց հուսանք՝ ազնվությունը կօգնի»,-ասաց նա:


Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ բացառեց Նիկոլ Փաշինյանի թիմում ցանկացած պաշտոնում աշխատելու հնարավորությունը և նշեց, որ բացառում է Նիկոլ Փաշինյան հետ քաղաքական պատասխանատվություն կրելը:
Անդրադառնալով հայաստանյան գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է, երկու երկրները երկար ճանապարհ են անցել: «Հասկանալի է, որ ցանկացած փոփոխություն բոլոր ներգրավված դերակատարներին հետաքրքրելու է, և կարող է ազդել գործողությունների վրա: Մենք բազմիցս խոսել ենք ռուսական գործոնի մասին և մեզ մեղադրել են Ռուսաստանով վախեցնելու համար, բայց ուղղակի ՀՀԿ-ի կողմից կար հիշեցում, որ կա այդ գործոնը, որը պետք է հաշվի առնենք: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր որոշում են կայացնում, լիարժեք գիտակցում են այդ մարտահրավերը և ամեն ինչ կանեն այդ հարաբերությունները պահպանելու համար»,-ասաց նա և նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները բացառիկ նշանակություն ունեն և պետք մեծ ջանքեր գործադրել դրանք պահելու, բարձրացնելու ուղղությամբ: «Ես հուսով եմ՝ այն թիմը, որ կձևավորվի, կնպաստի այդ կապերը պահպանելուն և ավելի արդյունավետ դարձնելուն, ինչը պարոն Փաշինյանը խոսք է տվել իր ԱԺ ելույթում»,-ասաց նա։ Վիգեն Սարգսյանը հավելեց, որ այս ամենը խորհրդարանական համակարգի համար լուրջ փորձաքար էր: Վիգեն Սարգսյանն ասաց, որ ներկայում մեծամասնությունը կառուցողական ընդդիմություն է, և պետք է տեսնել, թե ինչպես է դա աշխատելու գործնականում։ Նա հավելեց, որ իր հրաժարականի մասին երբեք չի խոսել հանրության, լրագրողների, Նիկոլ Փաշինյանի հետ:

«Խոսել եմ նրա մասին, որ նոր ձևավորված թիմն առաջընթաց չի կարող ապահովել, և ունեմ քաղաքական հայացքներ, որոնք թույլ չեն տա այդ քաղաքական թիմում աշխատել»,-ասաց նա: «1000 դրամ» նախագծին Նիկոլ Փաշինյանի կողմ քվեարկելու վերաբերյալ Վիգեն Սարգսյանն ասաց, որ շատ գնահատում է և կարծում է՝ դա վերկուսակցական կոնսենսուսի դրսևորումն է, որը շատ անհրաժեշտ էր։ Այդուհանդերձ, ըստ Սարգսյանի, դա հիմք չէ մնացած հարցերում ևս իրար հետ համաձայնելու: Նա նշեց, որ փոխըմբռնում կա, բայց ոչ բավարար դաշտ մի թիմում աշխատելու համար:

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ